Հայաստանի առաջնագծի հատվածում տեղաշարժ է նկատվում․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը վերջին շրջանում հնչող հայտարարություններին, մասնավորապես՝ գործընթացը սառեցնելու կամ սերունդներին փոխանցելու մասով ինքնին իր դիրքորոշումն արտահայտում է սահմանագծում: Եվ դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի առաջնագծի տարբեր ուղղություններով, այլև Արցախի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցներում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախում նախորդ շաբաթվա ընթացքում նվազգայունը 3-4 սադրանքի մասին գիտեմ, որից երկուսը պաշտոնապես հրապարակված է՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ։ Վերջին դեպքը եղել է երեկ Մարտունու շրջանում, Ամարասի հովտում, երբ ադրբեջանական դիրքերից անկանոն կրակ է բացվել քաղաքացիական անձանց նկատմամբ, ովքեր այդ պահին գյուղատնտեսական գործերով են զբաղված եղել, զուգահեռ նաև ՀՀ սահմանագծի տարբեր ուղղություններով»,-ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը գծագրված, հստակ նախատեսված սադրանքներ է հրահրում, որոնք պետական քաղաքականության մաս են կազմում։

«Հայաստանի հատվածում տեղաշարժ է նկատվում, դրանք հիմնականում այն հատվածներն են, որոնց ուղղությամբ Ադրբեջանը սեպտեմբերին ագրեսիա կիրառեց: Դրանք ամբողջ ճակատով չեն, տեղային՝ մեկ-երկու ուղղությամբ են ընթանում առայժմ և դժվար է ասել, թե ինչ նպատակ են հետապնդում»,-նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե խաղաղության պայմանագիրը հնարավոր է Վրաստանում ստորագրվի, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ մայրաքաղաքները կարող են որոշակի խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց այս իրավիճակում բարդ է ասել, թե առաջիկայում նման կետի կհասնենք թե ոչ, որովհետև գոնե արտաքուստ կան մի քանի առանցքային կետեր, որոնց հետ կապված կողմերը անհամաձայնություն են հայտնում։

Մանրամասները՝ տեսանյութում։