Լաչինի թնջուկը. որևէ պատկերացում չունեմ, թե Ադրբեջանին ինչպես պետք է սաստենք․ Բերձորի քաղաքապետ

Լաչինի թնջուկը. որևէ պատկերացում չունեմ, թե Ադրբեջանին ինչպես պետք է սաստենք․ Բերձորի քաղաքապետ

Վերջին օրերին թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներն ահազանգում են՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում ինչ-որ բան է ծրագրում, որը, բնական է, հարվածելու է մեր շահերին:

Այդպես, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ահազանգել էր, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր է ստեղծում:

«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է իրենց տարածք ցամաքային ականներ տեղափոխելու համար. դա բացարձակ սուտ է: Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականները, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,- մասնավորապես գրել էր Մարուքյանը։

MediaHub.am-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ այս պահին մենք մի ճանապարհ ունենք Հայաստան-Արցախ կապող, ճիշտ է՝ Բերձորով չի անցնում, բայց նույն Լաչին միջանցքն է։ Բայց փակել միջանցքն ու անցակետ դնել այնտեղ՝ լուրջ խնդիրներ ու խոչընդոտներ կբերի մեր ազատ տեղաշարժի համար։ ՝ խոսելով վերջին օրերին բարձրաձայնվող այն խնդրի մասին, թե ըստ ամենայնի՝ Ադրբեջանը կա՛մ կփակի Լաչինի միջանցքը, կա՛մ այնտեղ անցակետ կտեղակայի։

«Արդեն որևէ պատկերացում չունեմ, թե Ադրբեջանին ինչպես պետք է սաստենք։ Ո՛չ մեր կողմը, ո՛չ միջազգային հանրությունը որևէ սաստման մեխանիզմ չեն սահմանում, սարնով պայմանավորված ավելի շատ խնդիրների ենք բախվում»,-ասաց նա։

Նշենք, որ կան տեղեկություններ, որ ադրբեջանցիները ճանապարհամերձ հատվածներում մարտական դիրքեր են տեղակայել։ Դրանք երթևեկելիս նկատելի չեն, սակայն այնպիսի տեղակայում ունեն, որով խախտվում է միջանցքային տրամաբանությունը։ Քաղաքապետը փոխանցեց, որ նման տեղեկություն չունի, երկու օր առաջ է այդ ճանապարհով անցել, ոչինչ չի նկատել։

«Ամեն դեպքում այդ հատվածում որևէ վտանգ կամ սպառնալիք չեմ նկատել։ Չեմ կարող ասել՝ խախտվել է միջանցքային տրամաբանությունը, թե ոչ, քանի որ այդ հատվածը պետք է լինի ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Եթե միջանցքային տրամաբանությունը խախտվել է, ապա խախտվել է նաև ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտին»,-պարզաբանեց Ալեքսանյանը։

Նշենք նաև, որ այս խնդրի մասով ահազանգել էր նաև ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նշել էր, այս թեմայի և Լաչինի միջանցքը փակելու սպառնալիքի մասին ամիսներ առաջ էր խոսել, առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը հանձնվելուց ու Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությունից հետո, միջանցքը պարզապես վերածվել է զուտ ճանապարհի։

Հայաստանի իշխանությունն առանց համապատասխան երաշխիքների համաձայնվել է երթուղու փոփոխության՝ հանձնելով նաև հայկական բնակավայրերը։

Իրադրությունն այնպիսի կրիտիկական վիճակի է հասել, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունն է խոստովանում, որ «Լաչինի միջանցքում» 5 կմ-ոց բուֆերային գոտին, որը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, չի պահպանվում, իսկ ադրբեջանցիները ճանապարհամերձ հատվածներում մարտական դիրքեր են տեղակայել։

Դրանք այնպիսի հատվածներում են, որ երթևեկելիս նկատելի չեն, սակայն այնպիսի տեղակայում ունեն, որով խախտվում է միջանցքային տրամաբանությունը։ Հայաստանի իշխանության հանձնողական քաղաքականության հետևանքով ոչ միայն ընդլայնվում են ադրբեջանական պահանջները, այլ դրանք քայլ առ քայլ իրագործվելով նոր սպառնալիքներ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար",- գրել էր Աբրահամյանը։

 

Լիաննա Թորոսյան